ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ծագումով հույն էր, մասնագիտությամբ` բժիշկ, նաև` պատմաբան և «Գործք առաքելոց» գրքի հեղինակը

Ծագումով հույն էր,  մասնագիտությամբ` բժիշկ,  նաև` պատմաբան և «Գործք  առաքելոց» գրքի հեղինակը
19.09.2014 | 10:45

Աստվածային նախախնամության ընտրությամբ Նոր կտակարանի ավետարաններից մեկի հեղինակը դարձավ Քրիստոսի հետևորդներից Ղուկաս անունով մի բարեպաշտ անձնավորություն: Ավետարանի ներածության համաձայն` հեղինակը` Ղուկասը, չի եղել այն իրադարձությունների ականատեսը, որոնց մասին պատմում է իր գրվածքներում: Ի՞նչ գիտենք նրա մասին: Ահա վստահելի մի քանի տեղեկություն: Ծագումով հույն էր, մասնագիտությամբ` բժիշկ, ինչպես վկայում է սբ. Պողոսը (Կող. 4.14), նաև` պատմաբան և «Գործք առաքելոց» գրքի հեղինակը: Նա Պողոսի ուղեկիցն է հեթանոսների մեծ առաքյալի քարոզչական ճանապարհորդությունների ժամանակ: Անվանապես հիշատակված է Նոր կտակարանի որոշ հատվածներում (Կողոս. 4.3, Փիլիմոն 24, Բ Տիմոթեոս 4.11), որտեղ հանդես է գալիս իբրև Պողոս առաքյալի մոտ ընկեր: Ըստ ավանդության` եղել է Հիսուսի յոթանասուներկու աշակերտներից մեկը: Որոշ եկեղեցական հայրեր և մեկնիչներ Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկի հետ, որոնց անունները Ղուկասը չի պահպանել: Հավատափոխությունից առաջ նրա վարած կյանքի մասին ճշգրտորեն ոչինչ չգիտենք: Գուցե թե ծագումով Փոքր Ասիայից էր` Լիկայոնիայից, եթե ոչ (մեկ ուրիշ ենթադրություն)` հարավային Իտալիայից: Վաղ շրջանի եկեղեցու պատմաբան Եվսեբիոսի և հռոմեացի աստվածաբան Հերոնիմոսի կարծիքով, Ղուկասը, թերևս, ծագումով Սիրիայից էր` Անտիոքից: Գալով այն կարծիքին, որ նա անտիոքցի կամ փիլիպպեցի է, վստահելի չէ։ Եվս մեկ տեսակետ կա, որ նա տարսոնցի է: Այս կարծիքը հիմնված է Ղուկասի և Պողոսի երկարամյա սերտ բարեկամության ենթադրության վրա: Եթե նրանց բարեկամությունը սկսված լիներ կանուխ, որի մասին սակայն պատմական ապացույցներ չկան, պետք է լիներ Տարսոն քաղաքից: Ըստ մի ավանդության` նա համարվում է առաջին սրբապատկերի հեղինակը՝ մի քանի սրբանկարներ նկարելով սբ. Աստվածածնին նվիրված: «Գործք առաքելոց»-ում կարդում ենք, որ նախաբանում դիմում է Թեոփիլոս անվամբ մի մարդու: Ըստ մի վարկածի` նա չափազանց հարուստ անձնավորություն է եղել և Ղուկասին ընդունել է իբրև ստրուկ, և որ վերջինս նրան է նվիրել Թեոփիլոսի անունը կրող ավետարանն ու «Գործք առաքելոց»-ը: Հնարավոր է, որ այս ազդեցիկ մարդը նկատել է Ղուկասի մտավոր ընդունակությունները և ազատ արձակել նրան, որ կարողանար շարունակել ուսումը: Չէ՞ որ այդ դարաշրջանում, ընդհանուր առմամբ, բժիշկները պատկանում էին ազատագրված ստրուկների դասին: Հավանական է, որ քրիստոնեական հավատն ընդունել է Անտիոքի եկեղեցու հիմնադրման ժամանակ՝ 36 թ. մոտ` Ստեփանոսի մահվան տարում, կամ էլ 44 թ.` Հերովդես Ագրիպպասի մահվան տարում: Այնուհետև նրան հանդիպում ենք Պողոսի քարոզչական երկրորդ ուղևորության ժամանակ (Գործք 16.10): Առաքյալը պետք է որ նրան ճանաչեր Անտիոքից, սակայն այդ մասին տեղեկություններ չկան պահպանված: Մեր տրամադրության տակ եղած միակ տեղեկությունը «Գործք»-ի հատվածներն են, որոնցում ասված է` «Մենք»: Արդ, հոգնակի թվի առաջին դեմքի այս դերանունը կանհետանա քարոզչական խմբի` Փիլիպպեից Մակեդոնիա մեկնելուց անմիջապես հետո: Ղուկասը մնում է քաղաքում երիտասարդ եկեղեցին ամրապնդելու նպատակով և այդ ժամանակից սկսած, անկասկած, փայլում է շրջապատում: Մեծ առաքյալին նա միանում է միայն քարոզչական երրորդ ճանապարհորդության ժամանակ (Գործք 20.6), քանի որ ճանապարհորդության նկարագրությունն այնքան մանրամասն է, որ կարող է դիտվել միայն որպես հատված հեղինակի օրագրից: «Մենք»-ը վերանում է սկսած «Գործք»-ի 21.27 հատվածից, Երուսաղեմում` Հակոբոսի հետ զրույցից հետո: Պողոսի` երկու տարի բանտում մնալուց հետո, Ղուկասը հավաքում է իր ավետարանը գրելու անհրաժեշտ նյութերը: Նա կապի մեջ է մտնում առաքյալի հետ, քանի որ երբ վերջինս մեկնում է Հռոմ, Ղուկասը ուղեկցում է նրան (Գործք 27.1): Սա ականատեսի պատմած պատմություն է: Ղուկասը գնում է մինչև Հռոմ և Պողոսի հետ է նրա բանտարկության սկզբնական շրջանում: Պողոսը նրա անունը հիշում է Կողոսիայի եկեղեցիներին և Փիլիմոնին ուղղված ողջույններում, հետո լքում նրան: Նրա հետ կապված այլևս ոչ մի ողջույն չենք տեսնում փիլիպպեցիներին ուղղված թղթում, որը, հավանաբար, վերջինն է, որ Պողոսը գրել է առաջին բանտարկության ընթացքում: Ղուկասը վերադառնում է Հռոմ Պողոսի երկրորդ բանտարկության ժամանակ (Բ Տիմոթեոս 4.11): Հավանաբար, նահատակվել է Բյութանիայում` խաչվելով ծառի բնին, կամ էլ Հունաստանում` 80 տարեկան հասակում: Ըստ հին ավանդության` նահատակվել է Թեբայում:
Պատմում են, որ նրա աճյունը Անդրեաս առաքյալի աճյունի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս` Կոստանդին կայսեր օրոք: Լիովին ակնհայտ է այն մեծ հարգանքը, որ Պողոսը տածում էր իր ուղեկցի հանդեպ: Նրա գրչի տակ ծնված երկու գրքերը վկայում են մտավոր բարձր ունակությունների տեր, բարձր մշակույթ ունեցող, ինչպես նաև թշվառների ու աղքատների հանդեպ սիրով լի, եկեղեցու ծառայությանն ամբողջապես նվիրված մարդու մասին:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2308

Մեկնաբանություններ